Մարուշում Զատկին մոտենում են լայն թափով՝ սոցիալական ցանցերում նրանց հրապարակումները կարծես փոքրիկ բեմադրված տեսարաններ լինեն։ Տորթերը պարունակում են տասնյակ դետալներից, և յուրաքանչյուրն առանձին պատմություն է թվում։ Չնայած հետաքրքիր արտաքին ձևավորմանը՝ ներսում կուլիչները մնում են դասական՝ բոլորին ծանոթ համով, իսկ արդեն վերևի հատվածում վերածվում են ճուտիկներով, զատիկներով ու նապաստակներով կազմված կոմպոզիցիաների։ Քափքեյքերն ու թխվածքաբլիթներն էլ հետևում են նույն գեղագիտությանը՝ դետալների նկատմամբ նույն ուշադրությամբ և մի փոքր անմիջական, բայց նրբորեն մտածված Զատկական տրամադրությամբ։
Mom’s Little Bakery-ում հակված են կուլիչի ավելի դեսերտային տարբերակներին։ Այս տարի առաջարկում են երկու տարբերակ՝ եփովի և Նուտելլայի հիմքով կրեմներով։ Կա նաև խմորեղենի լավ ընտրանի, որն արդեն տոնական սեղանի գրեթե անբաժան մաս է դարձել. սինաբոններ՝ դասական կրեմ-պանրով տարբերակից մինչև կարամելով ու պեկան ընկույզով կամ Բուենո կրեմով ավելի հարուստ տարբերակներ։ Կան նաև ավելի մեղմ տարբերակներ՝ հյուսված չամիչով հացն ու կակաչի սերմերով բլիթները` ընդհանուր քաղցրությունը կոտրելու համար:
Crumbs-ում Զատկական ուտեստները պատրաստվում են իտալական ոճով։ Գլխավոր աստղը պանետոնեն է՝ տարբեր չափսերի՝ փափուկ, թեթևակի ձգվող մերինգեով։ Ներսում կա սերուցք, կարագ և առատորեն ավելացված չորամրգեր, որոնք յուրաքանչյուր կտորին տալիս են յուրահատուկ համ։ Շարքը լրացնում են մեղրով ու թարմ իմբիրով պատրաստված Զատկական տաք թխվածքաբլիթները՝ զատկական ձվերի, ճտերի և նապաստակների ձևերով՝ փոքրիկ նվերների պես։
Seasons Sweetland-ը շարժվում է դասական սցենարով՝ առանց փորձարկումների՝ հավատարիմ մնալով սպասելիքներին։ Կուլիչները տեսքով մինիմալիստական են, բայց համով՝ հարուստ․ ներսում՝ թեթև, օդային խմոր՝ ծիրանի և սալորի չորամրգերով, որոնք կուլիչը դարձնում են խիտ ու հավասարակշռված։ Դրսից՝ ընկույզը, չորամրգերն ու շոկոլադե ձվիկներն ավելացնում են ճիշտ այնքան տոնականություն, որքան հարկավոր է։
Syrovarnya-ում շեշտը դրված է մաքուր դասականի ու պարզ, ծանոթ համերի վրա։ Տեսականին ներառում է երկու կուլիչ՝ չամիչով և շոկոլադե միջուկով։ Խմորը ավանդականին մոտ է՝ բոլորիս հայտնի հյուսվածքով։ Զարդարանքը նուրբ է, փաթեթավորումը՝ կոկիկ․ ամեն ինչ զուսպ է ու տեղին։
Prepa-ում Զատիկը մեկնաբանում են ավելի ազատ՝ Զատկական խմորեղենով, որն ավելի մոտ են քաղցր բլիթների, քան ավանդական կուլիչին։ Տեսականին ներառում է երեք տարբերակ՝ կակաչի սերմերով հագեցած միջուկով, ավելի հանգիստ համադրությամբ՝ չամիչով ու ընկույզով, և թեթև կարամելացված տարբերակ՝ շոկոլադով։
SET-ում կուլիչները ավելի դեսերտային ձևով են ներկայացված։ Այստեղ դրանք ստացվում են ավելի հարուստ քան դասական տարբերակները՝ վերևում կրեմային շերտով, փոփքորնով ու շաքարե կոնֆետով, իսկ ներսում՝ պիստակ ու կատաիֆի միջուկով։ Մենյուում կա նաև պանրային պասկա՝ նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի ավանդական ձևաչափ։
Louis Charden-ում Զատիկին մոտենում են ֆրանսիական հրուշակեղենի ոճով։ Կուլիչները ներկայացված են հինգ տարբերակով՝ դասականից մինչև ավելի աղանդերային տարբերակներ: Չամիչով ու չորամրգերով տարբերակը ներկայացված է նշի փաթիլներով կամ վերևում փոքրիկ կրուասաններով՝ որպես ակնարկ սրճարանի ֆրանսիական ինքնությանը։ Կան նաև ավելի աղանդերային տարբերակներ՝ պիստակով ու շոկոլադով։ Առանձնացնում է նաև շերտավոր ու օդային կրաֆինը (կուլիչի ու թխվածքի միջև գտնվող խմորեղեն)։
J-Space-ում տոնը պանետոնեի գրեթե «վիտրինային» կերպարի շուրջ է։ Տեսականին ամբողջական ու հավասարակշռված է թվում՝ ծանոթ ձևեր, ոչ մի ավելորդություն, փաթեթավորումն էլ` թեթև գրաֆիկական շեշտադրումներով։ Առաջարկում են լոռամրգի ու սպիտակ շոկոլադի, ինչպես նաև շոկոլադի ու նարնջի համադրություններ։ Այստեղ ամեն ինչ չափի մեջ է՝ ոչ խիստ դասական, ոչ էլ չափազանց դեկորատիվ․ ավելի շատ այն մասին է, թե ինչպես կարելի է ծանոթ ու սիրելի ձևաչափը ներկայացնել մի փոքր ավելի ժամանակակից։