Սա այն վայրն է, որտեղ գիշերվա մեկին սուրճ պատվիրելը ոչ մեկին տարօրինակ չի թվա։ Coffeeshop-ի փիլիսոփայությունը պարզ է՝ սուրճ խմելու համար երբեք ուշ չէ։ Այդ պատճառով էլ այստեղ կարելի է գալ նույնիսկ կեսգիշերից հետո։
Վիեննական այս ցանցն ունի մի քանի մասնաճյուղ Երևանում և առաջարկում է բավական մեծ ընտրանի՝ սովորական էսպրեսոյից մինչև այնպիսի գունավոր ըմպելիքներ, որոնց տեսքից կարելի է մտածել, որ դրանց ստեղծմանը մի քանի միաեղջյուր է մասնակցել։
Մենյուում կան մատչայի տարբեր տեսակներ, օրգանական լիմոնադ, հատուկ թեյեր ու քաղցր շեյքեր։ Իսկ եթե գիշերվա այդ ժամին միայն սուրճով չեք բավարարվում, կան նաև պիցցա, սենդվիչներ, բուրգերներ, բեյգլներ, վաֆլիներ և ապուրներ։
Tun Lahmajo-ն աշխատում է մինչև առավոտյան չորսը։ Հյուսիսային պողոտայի այն անկյունն է, որը գրեթե միշտ մարդաշատ է, արդեն մոտ 20 տարի նույն տեղում է և, կարծես, փակվելու մասին առանձնապես չի մտածում։
Քչերը գիտեն, որ Tun Lahmajo-ի դռներն այսքան ուշ են փակվում, բայց նրանց համար, ովքեր դեռ չեն պատրաստվում քնել, Tun Lahmajo-ն վաղուց դարձել է գիշերային հավաքատեղի։
Լահմաջոն այստեղ պատրաստում են տարբեր տարբերակներով՝ պանրով և առանց պանիր։ Բայց մենյուում ունեն նաև խինկալի, խաչապուրի և խորոված։
Թեև, եթե անկեղծ լինենք, մարդկանց մեծ մասը գալիս է մեկ պարզ պատճառով՝ տաք լահմաջո, սառը գարեջուր, ու կյանքը նորից մի փոքր ավելի հասկանալի է դառնում։
Վերջերս բացված Bar BQ-ն աշխատում է մինչև առավոտյան երեքը և, կարծես, հենց այդ ժամերի համար էլ ստեղծված լինի։
Այստեղ կա այն ամենը, ինչ հիմնականում սիրտը քաշում է գիշերվա այդ ժամերին՝ քյաբաբներ, որոնցից անգուսն ամենապահանջվածներից է, շաուրմա՝ լավաշով, պիտայով կամ հացով, տարբեր տեսակի լահմաջոներ և անմիջապես մանղալի վրայից մատուցվող խաչապուրի։
Առանձին ուշադրության է արժանի աջարական խաչապուրի-նավակը՝ մեկ կամ երկու ձվով։ Իսկ եթե խիղճը գիշերվա կեսին հանկարծ պահանջի բանջարեղեն կամ կանաչի, կան նաև թաբուլե ու ֆաթթուշ։
Մատուցում են նաև լցնովի գարեջուր։ Եվ, դատելով ամեն ինչից, այն այստեղ մենյուի գլխավոր հերոսն է։
Black Angus Signature-ի թիմն էլ է մինչև գիշերվա երկուսն աշխատում։ Այստեղ ինտերիերին խոհանոցից ոչ պակաս ուշադրություն են դարձրել․ բարձր առաստաղներ, սեղաններին դրված դիզայներական գրքեր ու այնպիսի մթնոլորտ, կարծես այս ռեստորանը պարզապես պատահաբար է այդքան ուշ փակվում։
Բուրգերների ընտրությունը բավական լայն է՝ դասական կրկնակի սմեշից՝ մարբլ տավարի մսով, մինչև բլյու չիզով և գառան մսով տարբերակներ։ Ցանկության դեպքում ցանկացած բուրգեր կարելի է «հարստացնել» ֆիլե մինյոնով։
Մենյուում կան նաև պիցցաներ, դասական նախուտեստներ, ինչպես նաև մի քանի ավելի անսպասելի տարբերակներ՝ ֆո բո և տոմ յամ։ Իսկ մենյուն ստեղծել են երեք հոգով՝ ռեստորանի հիմնադիրը, շեֆ-խոհարարը և Պորտուգալիայի միշլենյան ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարը։
Երեկոյան այստեղ երբեմն մեծ էկրանով ֆուտբոլ էլ են ցուցադրում։ Այսինքն՝ եթե բուրգերի կողքին մի քիչ սպորտային դրամա էլ է պետք, խնդիր չկա։
Իսկ եթե մյուս բոլոր տարբերակներն արդեն փակվել են, Կարասը միշտ տեղում է։
Ցանցը Երևանում գործում է 2005 թվականից և հասցրել է ընդլայնվել մինչև 16 մասնաճյուղ ամբողջ Հայաստանում։ Այստեղ հայկական դասականները՝ խորովածը, տոլման ու խոզի կողոսկրերը, կողք կողքի են վրացական խաչապուրիի, խինկալիի և գրիլի վրա պատրաստված սուլուգունիի հետ։
Մասնաճյուղերի մեծ մասը, այդ թվում՝ Մաշտոցի և Կոմիտասի պողոտաների, ինչպես նաև Թումանյան փողոցի կենտրոնական կետերը, աշխատում է շուրջօրյա։ Լենինգրադյան փողոցի մասնաճյուղը բաց է մինչև գիշերվա երկուսը։
Այնպես որ, եթե պատահաբար նկատում եք, որ ժամացույցը 03:15 է ցույց տալիս, լահմաջոն ու մսի բարերն արդեն փակվել են, բայց դուք դեռ տոլմա եք ուզում, Երևանում «Հիմա ի՞նչն է բաց» հարցը ունի հստակ պատասխան։
Կենտրոնում գտնվող Collective-ն այն վայրերից է, որի մասին կարելի է երկար խոսել թե՛ ինտերիերի, թե՛ մենյուի մասին։ Այն քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկի համբավ ունի, իսկ ցերեկային ժամերին այստեղ նույնիսկ սուրճի ընդմիջման համար տեղ գտնելը հեշտ գործ չէ։
Նախուտեստներից արժե փորձել ջեռոցում թխված կամեմբերը՝ մեղրով, խաղողի տերևներով և թզի ջեմով, ինչպես նաև պապիլոտում պատրաստված վոնգոլեն՝ սխտորով ու սպիտակ գինով։
Պիցցաների ցանկում առանձնանում են «Il Mare»-ն՝ ծովախեցգետնով, կաղամարով և լայմով, «White Salmon»-ը՝ սաղմոնով ու սամիթով, և «Stracciatella»-ն՝ պելատի սոուսով, կիտրոնի կեղևով ու խնկունիով։
Ցերեկվա ժամերին առանց ամրագրման այստեղ տեղ գտնելը գրեթե անհնար է, բայց գիշերը իրավիճակը մի փոքր փոխվում է։ Collective-ն աշխատում է մինչև երկուսը, այնպես որ սեղանի շուրջ նստելու շանս դեռ կա։ Պարզապես մի քանի ժամ ուշ, քան սովորաբար։
Թամանյան փողոցի նորաբաց ռեստորաններից, որն արդեն հասցրել է փոքր-ինչ կուլտային կարգավիճակ ստանալ։ Blanca-ն բացվել է 2026-ի գարնանը, հայտնի դարձել իր նախաճաշերով, իսկ հետո պարզվել է ևս մի հաճելի բան․ այստեղ կարելի է նստել մինչև գիշերվա երկուսը։
Կասկադում կեսգիշերին արդեն բավականին հանգիստ է, այդ պատճառով այս հատվածում ուշ ժամին բաց ռեստորան գտնելը կարելի է շքեղություն համարել։
Մենյուում կգտնեք սթեյք-ֆրի՝ քաղցր կարտոֆիլով, պիցցա՝ թե՛ սովորական, թե՛ մինի չափաբաժնով նրանց համար, ովքեր այնքան էլ սոված չեն, ստրաչատելա՝ պրոշուտոյով ու հատապտուղներով, կանաչ աղցան՝ նեխուրի սորբետով, ինչպես նաև բուրատա՝ ռեհանով և լոլիկի սորբետով։
Իսկ եթե ընթրիքից հետո երեկոն դեռ շարունակվելու է, կա նաև մեծ ըմպելիքների ցանկ՝ գինիներով ու կոկտեյլներով։ Իդեալական տարբերակ նրանց համար, ովքեր ընդհանրապես տուն չեն շտապում։
Մսի բար նրանց համար, ովքեր գիշերվա ուշ ժամին ուզում են իսկապես կշտանալ։ «Frank by Բаста»-ն Երևանում բացվել է 2023-ի վերջին և ամեն օր աշխատում է մինչև գիշերվա մեկը։
Այստեղ կարող եք պատվիրել տավարի կողոսկրեր՝ ջեռոցում պատրաստված կարտոֆիլով և կիմչիով, «Բաստա-սայզ» կողոսկրեր՝ նաչոսով ու մոցարելայով, «Frank 2.0» սթրիփլոյն, տավարի թարթար՝ տրյուֆելային կրեմով, կամ վագյուի կարպաչո։
Եվ եթե մտածում եք, որ այս ամենը միայն մարդկանց համար է՝ ոչ։ Շների համար այստեղ առանձին Dog Box մենյու են ստեղծել։ Մի խոսքով՝ երեկոյի ոչ մի հյուր անուշադրության չի մատնվել։
Boho-ն աշխատում է մինչև գիշերվա մեկը, ու մինչ այդ ժամն այստեղ կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ ուշ ընթրիքի համար։ Մենյուում կան ծովամթերքով և դասական բուրգերներ, տերիյակիով խոզի կոտլետ, սենդվիչներ, բոուլներ, պաստա և ապուրներ՝ այդ թվում տոմ յամ ու ռամեն։
Իսկ եթե ուզում եք փորձել հայկական որևէ բան, անպայման համտեսեք 18 տեսակի կանաչեղենով լցոնված ավանդական ժենգյալով հացը։ Ըստ հյուրերի՝ այն այստեղ բաց թողնել հաստատ չարժե։
Boho-ի մենյուն բավական բազմազան է, որպեսզի այստեղ հանգիստ գան բոլորովին տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ․ մեկը՝ բուրգերի, մյուսը՝ ռամենի, երրորդը՝ պաստայի հետևից։ Վստահաբար, բոլորը գոհ կմնան։
Fabrica-ն աշխատում է մինչև առավոտյան երեքը։ Այս նախագծի մասին ամենակարճ ձևակերպումը, թերևս, սա է՝ այստեղ սթեյքն է գլխավոր հերոսը։
Մենյուում, սակայն, կա նաև առանձին բաժին՝ տեղական ֆերմաներից ստացված հայկական մսով ուտեստներով։ Այնպես որ, եթե նույնիսկ ուշ գիշերին ուզում եք ընտրել տեղական արտադրանքը, միանշանակ տարբերակ ունեք։
Մթնոլորտն ավելի շատ դասական սթեյք-ռեստորան է հիշեցնում, քան սովորական ուշ գիշերային սնվելու վայր։ Եթե ձեր պատկերացմամբ ուշ ընթրիքը նշանակում է սփռոցով սեղան, լավ գինի ու մեծ սթեյք, ապա Fabrica-ն հենց այդ վայրն է։