Zula-ն ժամանակակից Հայաստանի մասին է։ Հին արդյունաբերական շենքը ստացել է գրաֆիտե ֆասադ, աղյուսե երկրորդ հարկ, կամարաձև պատուհաններ, զմրուխտյա թավիշ և մարմար։ Վերանդայում հյուսված կահույքի հետ մեկտեղ ունեն նաև առանձին, կլոր բար՝ ծածկի տակ։
Ամեն ինչ ծանոթ է թվում…քանի դեռ չես սկսել կարդալ մենյուն։ Այստեղ դասական հայկական մթերքներն ու համերը միավորում են անսպասելի համադրությունների և մատուցումների մեջ։
Նախաճաշին՝ բենեդիկտ ձու բաստուրմայով ու պրոշուտոյով, ձվածեղ տրյուֆելով, սաղմոն ձկնկիթով՝ խմորիչով բուլկու վրա մատուցված։ Ճաշին՝ սոուսների տրիո լավաշով, փխալիի ռուլետներ մածունով, ավելուկով ռուլետ, ծովախեցգետնով ու արտիշոկով շերտավոր կարկանդակ, սմբուկի չիպսեր տավարի թարթարով և նռով։ Տաք ուտեստներից՝ տավարի մեջք սնկով ֆարոյի վրա։
Shenza-ն արդեն հասցրել է դառնալ քաղաքի սիրելի վայրերից մեկը։ Տարածքը մեծ է, շքեղ ու խնամված, իսկ հսկայական բացօթյա հատվածը առանձին պատմություն է։
Մենյուն` Ասիա, իր ողջ բազմազանությամբ, սուշի բար և դասական ռոլեր, ռամեն ու տոմ յամ, վոկ և յակիտորի, ինչպես նաև բադի ուտեստներ։ Սաղմոնի և տավարի թարթարներ, տավարի և սաղմոնի տատակի, միլանեզե թունա, փոփքորն ծովախեցգետին վասաբիով, գյոզա՝ տավարի մսով կամ ծովամթերքով, և ֆիրմային ռոլերի մի ամբողջ բաժին։
Տաք ուտեստներից՝ սաղմոն ունագի բյուր-բլան սոուսով, Ռոսսինի ֆիլե, պեկինյան բադ, մեղրային սոուսով հավ և վոկեր՝ տարբեր նախասիրությունների տեր այցելուների համար՝ լանգուստիններից մինչև թայլանդական խոզի միս։ Առանձին հատվածում են կունգ բաոները՝ հավով և տավարի մսով. երկուսն էլ լիարժեք ուտեստի կարգավիճակ ունեն։
Բակում կա ցանկությունների ծառ՝ հյուրերի գրառումներով․ մեկը ճանապարհորդություն է ցանկանում, մյուսը՝ պեկինյան բադի երկրորդ բաժինը։
Kimmi-ն Beckman Group-ի նախագիծն է՝ նույն թիմի, որը ղեկավարում է նաև Sirelis-ն ու CJ-ը։ Ի տարբերություն խմբի մյուս նախագծերի՝ այստեղ չեն ընտրել մեկ ուղղություն․ սուշին հանգիստ հարևանություն է անում կարբոնարայի, պիցցայի ու տակոյի հետ։
Ռոլերից՝ «Salmon Vulcan»՝ ծովախեցգետնի թարթարով, և «Rock n Roll»՝ տապակած սաղմոնով։ Կա կարբոնարա, «Pink Pear & Roquefort» պիցցա, բուրգերներ, տակո, pad thai վոկ-լապշա և տոմ յամ։
10:00-ից 16:00 գործում է առանձին նախաճաշի մենյու՝ անգլիական նախաճաշով և ավոկադոյի տոստով։
Սա այն խմբերի համար է, ովքեր քսան րոպե քննարկում են՝ ինչ պատվիրել, իսկ հետո պատվիրում են ամեն ինչ։
Hunt-ում կոնցեպտը սկսվում է մուտքից ու հասնում մինչև ափսեն։ Ռեստորանը կառուցված է քարի դարի որսորդական ավանդույթների շուրջ: Հյուրերին, բառացիորեն, դիմավորում են քարե կամարով, որը հիշեցնում է քարանձավի մուտք։
Պատերը ժայռ են հիշեցնում, ժանգագույն-նարնջագույն պանելների վրա փորագրված են մամոնտ, այծյամներ և աչքերի պատկերներ, իսկ ռեստորանի քարե հարդարանքը վերարտադրում է Գառնիի հայտնի «Քարերի սիմֆոնիան»։
Մենյուում թեման շարունակվում է մսի վրա շեշտադրմամբ․ ընտրությունն իսկապես մեծ է, թեև այստեղ միսը հաստատ ավելի փափուկ են պատրաստում, քան քարը։ Սաղմոնը՝ թարթար գուակամոլեով և սոճու ընկույզով կամ տատակի՝ ցիտրուսային սոուսով։ Հավի լյարդի պաթեն մեղրախորիսխի տեսք ունի։ «Վերադարձ արմատներին»՝ արմատապտուղներով աղցան։ Ամեն ինչ մտածված է։
«Վերջին մամոնտ» դեսերտը շոկոլադե «հողի» վրա հենց մամոնտ է հիշեցնում։ Երևանում մամոնտի հետ հանդիպելու, թերևս, ամենաանվտանգ տարբերակն է։
Dymzavod-ը մոսկովյան պրեմիում դասի լաունջ է, որն իր առաջին մասնաճյուղն է բացել Երևանում։ Այստեղ ինտերիերը բառացիորեն կրակի հետ է խաղում․ սև կոնսոլների երկայնքով անցնում են կրակի բոցեր, իսկ հայելիները բազմապատկում են կրակի արտացոլանքները։
Շիշաներն այստեղ առանձին շոու են։ «Requiem»-ը մատուցվում է որպես փշե պսակով գանգ՝ վարդերի մեջ, «Final Round»-ը ներկառուցված է խաղային կոնսոլի մեջ՝ խաղի էկրանով, իսկ «Sweets»-ը հսկայական պաղպաղակի կոն է հիշեցնում՝ լի Chupa Chups-ներով և մարմելադներով: Բարում՝ Clase Azul Ultra և Amarone Quintarelli։
Միևնույն ժամանակ խոհանոցը «շիշայի արանքում մի բան ուտելու» մասին չէ․ կան թարթարներ, պոկե, պաստա և տրյուֆելով ռիզոտո, թունա, սկալոպ, ֆիլե մինյոն, ռիբայ և օրցոյով օսոբուկո։
Քսան րոպեով այստեղ գալն անիմաստ է։
Բոլոր գաստրոնոմիկ փորձարկումների ու բարդ կոնցեպտների ֆոնին երբեմն պարզապես ուզում ես պարզ, հյութեղ ու հասկանալի մի բան։ Հենց այդպիսի բուրգեր են այստեղ տալիս։
Farshburger-ը Novikov Group-ի նախագիծն է, որտեղ պատրաստում են այնպիսի բուրգերներ, որոնք պարզապես ուզում ես ուտել՝ դասական ու ավելի հնարամիտ տարբերակների լավ ընտրությամբ։
«Farsh» շարքում՝ համբուրգեր և չիզբուրգեր։ Ավելի երևակայական տարբերակներից՝ «Բրյանսկից տղան»՝ սնկի ռագուով ու բեկոնով, CamamBurger՝ թխած կամամբերով և բալ-տրյուֆելային սոուսով, և վագյու բուրգեր՝ գրիլ արված ծնեբեկով։ Խորտիկներից՝ մոցարելայի ձողիկներ, տրյուֆելային ֆրի և BBQ թևիկներ։ Արագ, յուղոտ, հասկանալի։ Երբեմն սա ավելի քան բավարար է։
END Skylounge-ը Opera Suite Hotel-ի տանիքում բացված նոր բարն է։ Առաստաղի փոխարեն այստեղ բաց երկինք է, իսկ վերևում՝ կարմիր-նարնջագույն նեոնով լուսավորված մետաղական ֆերմաներ։
Տեսարանի գլխավոր աստղը Երևանյան հեռուստաաշտարակն է․ երեկոյան այն լուսավորվում է տարբեր գույներով ու հիանալի աշխատում կադրում։
Շիշաների ցանկը սկսվում է բազային ծխախոտներից ու հասնում VIP չաշկայի։ Կոկտեյլների անունները փոքրիկ ակնարկով են՝ «End With Love», «End With Kiss» և այլն։ Դե, հասկացաք։
Բարում՝ հայկական Տակառ և Տաիրի, Dom Pérignon և Belvedere Ten։
Այստեղ կարելի է ամբողջ երեկոն անցկացնել ուտելիքի շուրջ՝ թարթարներ, ռոլեր, ռիբայ և պիցցա։ Ինչպես պատկերացնում եք՝ սա մի կոկտեյլ խմելու, հետո ընթրիք փնտրելու պատմությունը չէ։
Կարելի է սկսել թարթարից, անցնել ռոլերին, պատվիրել ռիբայ, հետո ինչ-ինչ պատճառներով նաև պիցցա, և ինչ-որ պահի հասկանալ, որ տանիքից հեռանալու համար արդեն ուշ է։
Yesy-ն բացվել է ոչ թե կենտրոնում, այլ սովորական ռեստորանային երթուղիներից մի փոքր հեռու։ Հաստատության հիմնադիրը Հույն է, ով տեղափոխվել է Հայաստան ապրելու։
Պիտան այստեղ ամեն օր են թխում, միսը ամեն առավոտ թարմ է բերվում, իսկ համեմունքները՝ անմիջապես Հունաստանից։ Դրա համար էլ համն այնպիսին է, ինչն անվանում ենք իսկական, ոչ թե մոտավոր նմանակում։
Մենյուում ֆորմատի դասականներն են՝ տավարի և հավի մսով գիրոս, բուրգերներ, բարբեքյու, ֆրի և խորտիկներ։
Խոհանոցի կողքին նույն անունով գործում է նաև սուրճի հատվածը՝ էսպրեսո, ֆրեդո, իսպանական լատտե` բուսական կաթի տարբերակներւվ։
Bardo-ն Melonpan Group-ի նախագիծն է՝ նույն թիմի, որն այս գարնանը հարևանությամբ բացեց վիրուսային Blanca-ն։
Ըստ էության, մեկ տանիքի տակ երկու տարբեր վայր է գործում։ Վերևում՝ սրճարան ու փուռ՝ փարիզյան բուլանժերիի ոճով ցուցափեղկով․ հատապտուղներով մելոնպան, դասական կրուասան, և անսպասելի համերով (օրինակ՝ սուջուխի) ջելատոներ։
Խմիչքներից՝ ֆլեթ ուայթ, V60 ֆիլտր, բանան-մոշի տոնիկով մատչա, ինչպես նաև դեսերտային սուրճեր՝ խուրմայով ու նռան օշարակով։
Ներքևում՝ գինու սենյակն է: Վերցրեք բաժակով գինի, և համադրեք պանրի ու մսի ափսեների և սաղմոնով ֆոկաչայի հետ: Կան նաև գինու սեթեր, որտեղ կարելի է միանգամից մի քանի գինի փորձել՝ հայկական Տուշպա և Meyron Summerwine կամ եվրոպական Cava Pata Negra Brut, Capo Tinto Syrah և Capo Rosado:
Tati-ում երբեմն հյուրերին հենց տատիկն է դիմավորում, և միայն դա արդեն բավական է, որ քեզ զգաս տատիկիդ տանը, որտեղ ամեն ինչ հարմարավետ է ու հենց քեզ համար։ Ռեստորանի ամբողջ տարածքում հայկական մոտիվներ են, իսկ առաստաղի շրջանակներով լուսանկարները կարծես ընտանեկան արխիվի մի մասն են։
Մենյուն նույնպես հիմնված է ընտանեկան բաղադրատոմսերի վրա, այնպես որ այդ զգացողությունը միայն ինտերիերով չի սահմանափակվում։
Տոլման այստեղ հինգ տարբերակով է՝ խաղողի տերևով, կաղամբով, էջմիածնի, պահքի և հնդկահավի մսով։ Կա նաև 5-6 հոգու համար նախատեսված սեթ։ Այնուհետև՝ խինկալի, ընտանեկան բաղադրատոմսով տավարի և խոզի կողիկներ՝ սիսեռի կամ կարտոֆիլի պյուրեով, գյումրվա շիլա, սյունիքյան հարիսա, հորթի և գառան մսով խաշլամա։
Այստեղ չեն փորձում հայկական խոհանոցը նորովի ստեղծել․ պարզապես լավ ընտանեկան բաղադրատոմսերը դուրս են բերում տնային խոհանոցից ու տեղ տալիս ռեստորանային սեղանին։
Finch-ը Կոմիտասում հազվադեպ հանդիպող մեծ սրճարաններից է, որն ունի հսկայական վերանդա և նախատեսված է երկար նստելու համար, ոչ թե միայն սուրճ վերցնելու ու գնալու։
Իհարկե կարելի է դեսերտը վերցնել ձեզ հետ, հատկապես շերտավոր մեղրով տորթը։ Շատ հնարավոր է՝ ձեզ հետ վերցրած դեսերտը ճանապարհի կեսին արդեն չլինի։
Սուրճի մենյուում ամեն անհրաժեշտ բան կա՝ էսպրեսո, ֆլեթ ուայթ, իսպանական լատտե, աֆոգատո, ֆրեդո և սառը էսպրեսո-տոնիկ։ Մատչան՝ չորս տարբերակով, ինչպես նաև բազուկի ծաղիկով ու մարակույաով լիմոնադներ և սմուզիներ։
Mr. Bruno-ն բացվել է Ավանում, որտեղ կոնցեպտովլ վայրերը նկատելիորեն քիչ են, քան կենտրոնում։ Այդ պատճառով նրա դերն է դառնալ մի վայր, ուր թաղամասի բնակիչները գալիս են, իմանալով, որ միայն սուրճով բավարարվելու կարիք չկա ։
Մենյուն նույնպես բազմազան է։ Բուրգերներն ու տավարի կողերը կողք կողքի են կարբոնարայի, պուտտանեսկայի և «Il Mare» պիցցայի հետ՝ գրավլաքսով ու ծովախեցգետնով։
Խորտիկներից՝ վիտելո տոննատո, կապրեզե, մսի ու պանրի սեթեր, մեզե՝ տնային պեստոյով։ Կա նաև բավականին խիտ սուրճի մենյու, այնպես որ, կարելի է օրն այստեղ սկսել, նաև ավարտել, բայց արդեն ինչ-որ զգալիորեն հագեցնող բանով։
Kyn-ը՝ Սարյան 24 հասցեում, Երևանի համար նոր կոնցեպտ է, որտեղ ջինսերի բուտիկն ու սրճարանը գոյություն ունեն որպես մեկ ամբողջություն։
Այստեղ վաճառվում են բրենդներ, որոնք Հայաստանում գրեթե չես հանդիպի, իսկ հագուստի կախիչների կողքին կա բար՝ սպեշելթի սուրճով և ցերեմոնիալ մատչայով։ Մտնում ես հագուստ ընտրելու, դուրս գալիս բաժակը ձեռքում։
Ջինսերից բացի, գլխավոր առանձնահատկությունը split cup-ն է՝ սուրճ և մատչա մեկ բաժակում: Այսուհետ ստիպված չեք լինի ընտրել երկու սիրելի ըմպելիքների միջև։
Սուրճի դասական ընտրանին ամբողջությամբ տեղում է՝ էսպրեսո, ամերիկանո, կապուչինո, ֆլեթ ուայթ, ռաֆ և այն ամենը, ինչ սիրում ենք։ Մատչան առանձին շարքով է՝ լատտե, ելակով, բանանով և կոկոսի ջրով տարբերակներ, ինչպես նաև լիմոնադներ ու սառը թեյեր՝ բոլոր ճաշակների համար։