Այս ցանկի ամենաթարմ բացումն է։ Ֆրանսիական նոտաներով ասիական ռեստորան, որտեղ մենյուում կարելի է գտնել տրյուֆել, վասաբիի պյուրեի վրա մատուցվող բադի ազդր, «Ռոսսինի» ֆիլե մինյոն՝ օձաձկով ու ֆուա-գրայով, իսկ աղանդերի համար՝ տիրամիսու կրքի մրգով։ Այստեղ հիմնական ուտեստները 4 000–20 000 դրամի սահմաններում են, բացառությամբ պեկինյան բադի, որն արժե 28 000 դրամ։ Մատուցումն ակնհայտորեն նախատեսված է տեսախցիկի համար, բայց ինտերիերն էլ է տպավորում․ տեռասան ամբողջությամբ կանաչի մեջ է, քանդակային լուսավորող սարքերը ալիքի ձև ունեն, իսկ ճապոնական տանզակու ավանդույթը պահպանելու համար հատուկ ծառ է տնկվել, այնպես որ, ընթրիքից հետո չմոռանաք կապել ձեր ցանկությամբ փոքրիկ թղթի ժապավենը։
Renommée-ում մենյուն միայն սեթերի տեսքով է։ Այստեղ յուրաքանչյուր ընթրիք դառնում է ճանապարհորդություն հայկական բնության միջով: Մատուցվում են ցլի պոչ՝ տրյուֆելով ու նեխուրով, լոր՝ Երուսաղեմյան արտիշոկով և թառափ՝ տեղական կանաչիներով։ Ութ ուտեստից բաղկացած սեթն արժե 45 000 դրամ (գինու համադրմամբ՝ 69 000), իսկ նրանց համար, ովքեր ավելի լուրջ են տրամադրված, նախատեսված է տասնմեկ ուտեստից բաղկացած տարբերակ՝ 60 000 դրամ (գինու ուղեկցությամբ՝ 90 000): Ճաշացանկը փոփոխվում է՝ ըստ սեզոնի, այնպես որ այստեղ միշտ հետաքրքիր է վերադառնալ և տեսնել, թե այս անգամ ինչ է մտածել շեֆը։
Ռեստորանը Yeremyan Projects-ի շրջանակում է և գտնվում է Կարեն Դեմիրճյանի անվան համալիրի իններորդ հարկում։ Այստեղ գործում է դրես-կոդ․ 19:00–ից մինչև 23:00–ը մաեստրո Երզնկյանի ղեկավարությամբ կենդանի ջազային նվագախումբը կատարում է 60–70-ականների հիթերը, իսկ հետո ձևաչափը փոխվում է ակումբայինի՝ հրավիրված դիջեյներով։ Ժամանակ առ ժամանակ ռեստորանը կազմակերպում է նաև թեմատիկ երեկոներ, երբեմն նույնիսկ՝ որևէ արտիստի կամ դարաշրջանի նվիրված ամբողջական ծրագրով։ Մենյուն նույնպես պահում է նույն բարձր նշաձողը․ այստեղ կգտնեք սև բելուգայի խավիար՝ բորոդինյան հացով՝ 78 000 դրամ, ութոտնուկ՝ չորիզոյի կրեմով՝ 33 000, թունայի և ծովախեցգետնի թարթար՝ 10 700 դրամ։ Յուրաքանչյուր ուտեստ մատուցելուց առաջ ձեզ մանրամասն կպատմեն, թե կոնկրետ ինչ եք փորձելու, ինչից է այն բաղկացած և ինչպես է լավագույնս ընկալվում շեֆի մտահղացած համը։
Ռուսական AVA Team-ի առաջին նախագիծը Հայաստանում։ Անտոն Պինսկու, Արտյոմ Լոսևի և Վիտալի Իստոմինի հայտնի եռյակի իտալական ռեստորանն արդեն նվաճել է Մոսկվայի, Դուբայի և Սոչիի խոհարարական բեմերը, իսկ 2026 թվականին հասել է նաև Հայաստան։ Երևանի Loona-ն գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ ջրի վրա գտնվող կանաչապատ այգու տարածքում, իսկ ինտերիերում կնկատեք մարմարի, քարի և կաղնու դետալներ։ Անվանումը գալիս է ֆիրմային փայտով վառվող Loona վառարանից, որի շուրջ էլ կառուցված է ամբողջ խոհանոցը։ Մենյուում կան գառան կոտլետներ (14 500), ֆիլե մինյոն՝ տոննատո սոուսով (12 000) և տրյուֆելով տալիոլինի (6 300)։
The Stage-ը Dvin հյուրանոցային համալիրի ռեստորաններից մեկն է։ Հյուրանոցի ամբողջ կոնցեպտը կառուցված է հեղինակ Արտակ Թովմասյանի Seven Circles of Being փիլիսոփայության շուրջ: Տասը տարին չլրացած նախագիծը հասցրել է հավաքել 20 միջազգային մրցանակ, այդ թվում՝ World Travel Awards-ի «Հայաստանի առաջատար հյուրանոց 2025» տիտղոսը։
The Stage-ը գործում է շոուի ձևաչափով․ կենտրոնական բեմի շուրջ հանդես են գալիս ակրոբատներ և երաժիշտներ, գործում է դրես-կոդ, և աշխատում է գրեթե թատերական սեզոնայնությամբ` մայիսից հոկտեմբեր։ Մենյուն պակաս նրբաճաշակ չէ, քան պերֆոմանսը․ ֆիլե մինյոն՝ հնդկաձավարի պյուրեով, միսոյով և պարմեզանով (19 000), ռիբայ՝ միսոյի կարագով և գրիլ բանջարեղենով (26 000)։ Իսկական շքեղությունը թաքնված է բարի քարտում․ կոլեկցիոն պրեմիում կոնյակի մեկ շիշն արժե 1 500 000 դրամ, իսկ երեք շիշ Hennessy XO-ով The Show Must Go On թեմատիկ սեթը՝ 900 000 դրամ։
Ռեստորանը բացվել է այս ամառ Արամի փողոցում՝ բավական բարձր գնային նշաձողով. տավարի սրունք՝ ոսկորով՝ 33 000 դրամ, գառ՝ լապշայով՝ 28 000, գառան թիակ՝ 21 000։ Այստեղ վերաիմաստավորում են հայկական դասական ուտեստները․ տոլման մատուցվում է բարակ լավաշի վրա՝ նռով ու այծի պանրով, իսկ գառը՝ զաֆրանով ռիզոտոյի վրա։ Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ ազգային խոհանոցը գնահատվում է եվրոպական ֆեշն-դայնինգի չափանիշներով։ Միևնույն ժամանակ Zula-ն ակնհայտորեն չի փորձում հայկական ուտեստը թանգարանային ցուցանմուշ դարձնել․ ծանոթ մթերքներն ու համերն այստեղ ժամանակակից տեսք ունեն, բայց շարունակում են մնալ ճանաչելի։
Պուշկին փողոցում գտնվող իտալական ռեստորան՝ էլեգանտ մթնոլորտով և համապատասխան գներով․ երկու հոգու ընթրիքը՝ նախուտեստներով, հիմնական ուտեստներով և գինով, հանգիստ կարող է հասնել 60 000 դրամի։ Այստեղ առաջարկում են ռիկոտայով, սև տրյուֆելով և շամպինիոնով ռավիոլի, արքայական ծովախեցգետնով և բիսկ սոուսով տորտելինի, ութոտնուկով և ծովախեցգետնով ռիզոտո։ Հիմնական ուտեստներից առանձնանում են ռիբայ սթեյքն ու գրիլ ութոտնուկը՝ մանր կարտոֆիլով և ապխտած պղպեղի սոուսով։ Դորադոյի կրյուդոն արժե 17 800 դրամ, իսկ ցանկացած նախուտեստի կարելի է ավելացնել սև խավիար՝ 4 000 դրամով։
Ռեստորան, որը շատերի մոտ ասոցացվում է բարձրակարգ հայկական խոհանոցի հետ, և այն եզակի վայրերից մեկը, որտեղ «թանկ» բառը յուրաքանչյուր փուլում արդարացված է՝ նախաճաշից մինչև հիմնական ուտեստն ու աղանդերը։ Հաստատության պատմությունը սկսվել է 2003 թվականին Բեյրութում, որտեղ Ալին Կամակյանը հիմնեց իր առաջին նախագիծը՝ նվիրված XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունից փախած և աքսորում հայտնված հայերի կողմից սերնդեսերունդ փոխանցված հայկական բաղադրատոմսեր պահպանելուն։ Հիմա արդեն Mayrig-ի մասնաճյուղեր կհանդիպեք Դուբայում, Էր-Ռիադում, Մալդիվներում և Կահիրեում, իսկ 2018 թվականին նախագիծը, կարելի է ասել, վերադարձել է տուն՝ Երևան։ Այստեղ սպիտակ լոբով գառան սրունքն արժե 16 000 դրամ, հորթի կողիկները՝ դեմիգլաս սոուսով՝ 26 000, իսկ վայրի խոզի մեջքի միսը՝ կարտոֆիլով և գրիլ բանջարեղենով, կարող է արժենալ մինչև 37 000 դրամ․ հայկական մենյուի համար սա հազվադեպ գին է։ Սառը նախուտեստներից առանձնանում են երեք տեսակի քյուֆթայից կազմված ֆիրմային տեսականին և սմբուկի ռոլլերը՝ մածունով ու նուշով։
Ռեստորանն առանձնանում է սպասքի յուրահատուկ հավաքածուով, այնպես որ այստեղ արժե ուշադրություն դարձնել ոչ միայն ուտեստներին, այլև դրանց մատուցմանը․ անտիկ ափսեները տարիների ընթացքում հատուկ հավաքվել են այս վայրի համար և շարունակում են մնալ դրա ինքնության մի մասը։ Ինտերիերը նույնպես պահում է այդ տրամադրությունը․ նրբաճաշակ կահույք, դաշնամուր, վինիլային հին ձայնապնակներ և զուսպ, առանձնահատուկ արիստոկրատական մթնոլորտ։ Կան նաև առանձին սենյակներ, այնպես որ մեծ խմբերով էլ կարելի է հարմարավետ տեղավորվել։
12:00-ից մինչև վերջին հյուրի հեռանալը այստեղ պատրաստում են ֆիլե մինյոն (13 500), Angus ռիբայ (30 700), շեֆի հորթի միս (52 300) և տապակած խոզի ֆիլե (9 300)։ Բայց մենյուի իսկապես գլխավոր ուտեստը գինու մեջ դանդաղ պատրաստված տավարի միսն է՝ 130 000 դրամ, որը մատուցվում է արծաթե հին գդալով՝ վայրի ընդհանուր մթնոլորտին համապատասխան։ Աղանդերից արժե փորձել հայկական գաթան՝ չորացրած ծիրանով և ուրցով (13 500) կամ տնական հալվան՝ նուշի ալյուրով (3 700):
Այստեղ ընթրիքը, թերևս, ավելի շատ շոուին մնալու առիթ է․ ակրոբատներ, կոստյումավորված համարներ, կենդանի սաքսոֆոն, և այդ ամենը՝ երեկոյի ընթացքում մի քանի անգամ փոխվող դեկորացիաների ներքո։ Ծրագրից հետո սրահը վերածվում է դիջեյով պարահրապարակի։ Խոհանոցն այստեղ ավելի շատ կենտրոնացած է ծանոթ ուտեստների վրա․ մենյուում են թարթարներ, պանրի տեսականիներ, ռոլլեր և սթեյքեր։ Հիմնական ուտեստների արժեքները միջինում 5 000–10 000 դրամ են, սակայն 450 գ անգուս ռիբայն արժե 25 000, իսկ գրիլ ութոտնուկը՝ 15 800 դրամ։ 4–5 հոգու համար նախատեսված խմբային սեթերը՝ մսայինն ու ծովամթերքովը, արժեն համապատասխանաբար 64 000 և 69 000 դրամ։
Եթե ուզում եք մի փոքր հեռանալ աղմուկից, կարելի է նստել տեռասայում և ցանկության դեպքում նարգիլե պատվիրել։ Սեղան ամրագրելիս մուտքավճարը գանձվում է առանձին․ աշխատանքային օրերին՝ 8 000 դրամ մեկ անձի համար, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին՝ 10 000 դրամ։ Շոուն սկսվում է 21:30–ին, այնպես որ ավելի լավ է նախապես գալ։ Իսկ սպորտային հագուստով, շորտերով կամ սանդալներով ներս մտնել չի ստացվի։