Եթե օգոստոսյան շոգի ամենաթեժ օրերին իջնում եք Զվարթնոց, քաղաք շտապելու կարիք առանձնապես չկա․ Jellyfish-ը օդանավակայանից ընդամենը մի քանի րոպե է հեռու։ Այն իրեն անվանում է արևադարձային կղզի քաղաքի ներսում, ու, անկեղծ ասած, չափազանցված էլ չի հնչում։ Լողափային մուտքով լողավազան, տրամադրություն ստեղծող երաժշտություն և մթնոլորտ, որը հյուրերը հաճախ համեմատում են Միկոնոսի հետ։
Jellyfish-ի գլխավոր առավելություններից մեկն էլ այն է, որ երկու հարկ ունի։ Բացօթյա հատվածից բացի, կա նաև փակ ռեստորան՝ այն պահերի համար, երբ արևը չափից ավելի ակտիվ է, իսկ դուք դեռ տուն գնալ չեք ուզում։ Մենյուն համադրում է ասիական և միջերկրածովյան խոհանոցները․ այստեղ կարբոնարան կարող է նույն սեղանին հայտնվել Alaska ռոլլի կողքին։ Կոկտեյլների ցանկն էլ նույնքան բազմազան է․ Old Fashioned կամ Aperol Spritz՝ օրվա ցանկացած ժամի։ Իսկ նստել կարելի է թե՛ արևի տակ, թե՛ ստվերում։
Seven Visions հյուրանոցի N7 Beach Club-ի գլխավոր առավելությունը 360 աստիճան տեսարանն է, որտեղ մի կադրում հայտնվում են Երևանի գլխավոր տեսարժան վայրերն ու Արարատը։ Ինֆինիթի լողավազանն էլ սովորական չէ․ այն աշխարհի ամենամեծերից մեկն է, իսկ Միկոնոսից բերված ավազը լրացնում է հանգստավայրի մթնոլորտը։
Մինչ դուք արևայրուք եք ընդունում, բարի մոտ արդեն պատրաստվում են երեկոյան ծրագրին։ Այստեղ հաճախ են կազմակերպվում շոուներ, կենդանի կատարումներ և DJ սեթեր, այնպես որ կոկտեյլը երբեմն գալիս է նաև փոքրիկ ներկայացման ուղեկցությամբ։ Խոհանոցը միջերկրածովյան է՝ խորոված ծովախեցգետիններ, ձմերուկով և ֆետայով աղցան, սաղմոնի սթեյք, ակումբային սենդվիչներ ու բուրգերներ։ Կոկտեյլների անուններն էլ խոստանում են նույնքան լավ տրամադրություն՝ Barbie Mimosa, Deadpool և Kyoto։
Zen-ից ընդամենը մի քանի քայլ հեռու գտնվում է Lanj-ը։ Հասցեով հարևաններ են, բայց տրամադրությամբ՝ լրիվ տարբեր։ Եթե Zen-ը երեկույթների մասին է, ապա Lanj-ը՝ հանգիստ հանգստի։ Ցերեկը այն ավելի շատ մասնավոր վիլլայի տպավորություն է թողնում՝ արմավենիներով, շեզլոնգներով, լռությամբ և քաղաքի գեղեցիկ տեսարաններով։
Երեկոյան այստեղ հաճախ հարսանիքներ են լինում, և սոցիալական ցանցերում պարբերաբար հայտնվում են կադրեր, որտեղ նորապսակները «այո» են ասում հենց լողավազանի կողքին՝ Երևանի համայնապատկերի ֆոնին։ Իսկ հետո, ինչպես հաճախ է լինում, տոնակատարությունը տեղափոխվում է ջրի մոտ։ Մենյուում, բացի թեթև լողափային ուտեստներից, կան նաև խորոված ձուկ, ֆիլե մինյոն, բադի կրծքամիս և թայլանդական ապուր։ Բարի ցանկն էլ առանձին պատմություն է՝ երկար հնեցված վիսկիներ, ռոմ, ջինի մեծ ընտրանի և դասական կոկտեյլներ՝ Negroni-ից մինչև Espresso Martini։
San Marco-ում ամառը միայն լողավազանով չի սահմանափակվում։ Այստեղ հաճախ կազմակերպվում են բացօթյա յոգայի պարապմունքներ՝ տեղական ստուդիաների հետ համագործակցությամբ, այնպես որ առավոտը կարող է սկսվել հաճելի մարզանքով։
Մենյուն հիմնականում իտալական է՝ կարբոնարա, ալֆրեդո, մարգարիտա և քվատրո ֆորմաջի, բայց կան նաև ասիական բաոներ ու տակոներ։ Երեկոյան հերթը հասնում է ֆիրմային կոկտեյլներին՝ Tropical Tango-ին և La Dolce Anguria-ին։ Դրանք կարելի է վայելել առանց ջրից դուրս գալու՝ հենց լողավազանի մեջ գտնվող բարում. կան ջրի տակ թաքնված նստարաններ, և հենց նստած տեղում էլ ձեզ կմատուցեն ձեր պատվերը։
Vahakni Pool & Bar-ում նույնպես ամառվա ընթացքում հաճախ անցկացվում են յոգայի և պիլատեսի բացօթյա դասեր։ Իսկ մարզանքից հետո ամենաճիշտ ուղղությունը, բնականաբար, շեզլոնգն է։
Մենյուն դասական լողավազանային տրամադրություն ունի՝ վոկ հավով կամ ծովախեցգետիններով, պիցցա, բուրգերներ և երշիկների սեթեր։ Իսկ կոկտեյլների ցանկում առանձնանում են Rumshine-ն ու Pineapple Panic-ը՝ անվանումներ, որոնք արձակուրդի տրամադրություն են ստեղծում դեռ առաջին կաթիլից:
Seven Visions-ի մյուս նախագիծը՝ The Pool-ը, 33-մետրանոց ինֆինիթի լողավազան է հյուրանոցի տանիքում՝ քաղաքի ամենահայտնի տեսարաններից մեկով։ Ցերեկը այստեղ երաժշտության համար պատասխանատու է ռեզիդենտ DJ-ն, իսկ հանգստյան օրերին ծրագրին ավելանում են կենդանի կատարումներ ու պարեր։
Մենյուն ներառում է մակարոններ, սթեյքեր, բուրգերներ և մինի հոթ-դոգեր՝ նրանց համար, ովքեր չեն ուզում երկար կտրվել լողավազանից։ Կա նաև մանկական առանձին մենյու, որպեսզի ընտանիքի ամենափոքր անդամներն էլ իրենց ընտրությունն ունենան։
Ցերեկվա ժամերին Zen-ը մեծ լողավազանային համալիր է՝ հարուստ մենյուով։ Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ մեզեից ու ապխտած ձկից մինչև ֆիլե մինյոն, ռիբայ, ծովախեցգետնի ռոլլ, ծովամթերքով քրիսփի սեթ, վոկ և պիցցա։ Սա այն վայրերից է, որտեղ լանչը հեշտությամբ կարող է մի քանի ժամ տևել։
Երեկոյան Zen-ն ամբողջությամբ փոխում է տրամադրությունը։ Շեզլոնգները տեղ են զիջում պարահրապարակին, լուսավորությունը փոխվում է, իսկ վերին հարկի տեռասը վերածվում է բացօթյա ակումբի։ Այստեղից բացվում է Երևանի ամենատպավորիչ համայնապատկերներից մեկը, իսկ երեկոները լցվում են երաժշտությամբ, դիջեյներով ու մայրամուտից հետո նոր սկսվող կյանքով։