Այս գարնան գլխավոր հիթը, և սա չափազանցություն չէ: Blanca-ն սոցցանցերը գրավեց իր նախաճաշերով, դեռ դռները չբացված։ Հիմա այստեղ առավոտյան ազատ անկյուն գտնելն ավելի քան դժվար է։ Ավելի լավ է նախապես սեղան պատվիրել: Յուրաքանչյուր նախաճաշի հետ տրվում է անվճար մեկ բաժակ պրոսեկո, սուրճ կամ արգանակ: Ճաշացանկից՝ բլիթներ սեզոնային մրգերով, բենեդիկտ սպանախով և ցուկկինիով, կրուասան մորթադելլայով կամ սաղմոնով, ձվածեղ ստրաչիատելլայով և ծովախեցգետնով, հալումի նարնջագույն չատնիով: Նախաճաշը մատուցվում է կանաչ, մսային և ծովային տարբերակների սեթերով՝ մեկ, երկու կամ երեքի անձի համար նախատեսված։ Կոկտեյլների ցանկը չի զիջում` ֆիրմային Prologue, Madeleine, Whole Lotta Love, Insomnia և սիրված դասականներ` նեգրոնիից մինչև Էսպրեսսո Մարտինի: 80 հոգի հյուրընկալող սրահը բաց է մինչև գիշերվա երկուսը, ինչը հազվադեպ է Երևանի համար։ Կա նաև պատշգամբ, որտեղ կարող եք ձեր շան հետ գալ։
Նորաբաց հաստատությունների ցանկը թերի կլիներ առանց սրճարանների: Սարյան 9 հասցեում տեղակայված
Drip-ը խոհուն ճաշացանկով և ջերմ ինտերիերով նոր անկյուն է։ Եվ որպեսզի չմոռանաք, որ Հայաստանում եք, սուրճը մատուցում են փոքրիկ գորգի վրա։ Ճաշացանկը պարունակում է բոլորիս հայտնի նախաճաշային ուտեստներ և սուրճի դասականներ՝ կոռտադոյից մինչև բամբլ։ Նրանց համար, ովքեր մարզասրահից հետո են գալիս՝ 30 գ սպիտակուցով պրոտեինային շեյքեր՝ երեք համով։
Դեդայի ինտերիերն այլ պատմություն է՝ մուգ կանաչ պատեր, հնագույն դիմանկարներ ոսկեզօծ շրջանակներով, հնաոճ կահույք, ժամացույցներ և հայելիներ: Մտնելուն պես տպավորություն է ստեղծվում, որ հայտնվել ես տուն, որտեղ մի ամբողջ կյանք են ապրել, պրոֆեսիոնալ խոհանոցն էլ հաճելի հավելում է։ Ճաշացանկը վրացական բազա է՝ առանց հարմարեցումների։ Նախուտեստներ՝ փխալի տեսականի, սմբուկի ռուլետ, լոբիո, ապխտած սուլուգունի։ Նաև աղցաններ — վրացական ձոնջոլիով, կախեթական յուղով և ընկույզով: Միայն վրացիներն են պակասում:
Հայաստանում քեբաբը նորություն չէ. այն պատրաստվում է ամեն անկյունում, և բոլորի սպասումները մոտավորապես նույնն են։ Kebab.Lab-ը վերցնում է քաղաքի ամենահայտնի ուտեստներից մեկը, և ցույց է տալիս փոփոխված տարբերակ. բաղադրատոմսը մշակել են Գերմանիայում հատուկ այս նախագծի համար, և տարբերությունն ակնհայտ է: Գերմանական քեբաբները, սմեշ բուրգերները և պրեմիում դասի հոթ-դոգները պատրաստվում են հաշվի առնելով յուրաքանչյուր բաղադրիչ՝ համից մինչև փաթեթավորում: Ճաշացանկը կարճ է՝ տավարի և հավի տարբերակներով քեբաբ, The Burger և The Dog՝ խրթխրթան փշրանքներով և սոուսով հոթ-դոգ: Կա նաև հարմարավետ նստելու հատված:
Իտալական ուտեստները Երևանում ամենուր են՝ պիցցա, մակարոնեղեն և տիրամիսու կարելի է գտնել ցանկացած ճաշացանկում: Բայց սովորական լցոնումներով պանինի գտնելը գրեթե անհնար է: Աբովյան փողոցի Mio-ն լրացնում է հենց այս բացը։ Սենդվիչներն այստեղ պատրաստվում են մորթադելլայով, պեստոյով, խոտաբույսերով, թարմ չերի լոլիկով և այլ միջուկներով.տեսականին մեծ է, և ամեն տարբերակ արդարացնում է իրեն։ Աշխատանքային օրվա արագ լանչի համար այն է, ինչ հարկավոր է։ Պանինիից բացի կան ժելատոյի մեծ սկուտեղներ և ապերիտիվ, եթե ժամանակը թույլ է տալիս երկար մնալ: Բաց են մինչև կեսգիշեր, ուստի ձևաչափը ձգվում է ճաշից մինչև երեկոյան սպրից:
Վայր, որը հարկավոր էր Համայնքին. Ճաշացանկը ներառում է ամեն ինչ՝ թարմ թխած մթերքներից մինչև ածուխով գրիլներ: Այստեղ թարմ հաց են վաճառում, կարող ես ներս մտնել ու քեզ հետ վերցնել։ Նախուտեստներից են հորթի կարպաչիոն, ծովախեցգետնով, տավարի մսով և անգուսով բաոներ: Աղցաններից սիրված է դեղձով, պրոշուտտոյով, պանզանելլայով, քինոայով և ստրաչիատելլայով համադրությունը: Պիցցան դասական է, բայց հասանելի է նաև կարամելացված տանձ պրոշուտոյի հետ տարբերակ: Հիմնական մենյուն` osso buco, պեստո-ռիզոտտո, գինով խաշած գառան սրունք (սեզոնային), իսկ ածուխով գրիլից՝ Նյու Յորք սթեյք և ֆիլե մինյոն բալի սոուսով: Կա կոկտեյլների ցանկ, որից կառանձնացնենք Shrimp Cocktail-ը. անվանումն արդեն ինտրիգային է։
Աբովյան 11 հասցեում գտնվող Ռուբին այն վայրերից է, որտեղ ինտերիերն ու խոհանոցը խոսում են նույն լեզվով։ Տարածքը կառուցված է մեծ պանորամային պատուհանի շուրջ՝ բեժ պատեր, փայտե դետալներ, սպիտակ սփռոցներ և լույս, որը հեղեղում է ամբողջ սենյակը, դառնալով դեկորի մի մասը: Նախաճաշը այստեղ մատուցվում է մինչև ժամը 15:00–ն, և հենց այստեղից էլ պետք է սկսել ծանոթանալ Ruby-ին: Հիմնական ճաշացանկը միջերկրածովյան է՝ փորձարարական բնույթով՝ պղպեղի թարթար, սաղմոնի շամփուրներ պրոշուտտոյով և ծնեբեկով, ֆիլե մինյոն սթեյք, սպանակոպիտա ֆետայով և տրյուֆելով, արանչինի պարմեզանով, մանտի։ Աչքի ընկնող նախուտեստներից են կիմչի հումուսը և ծովախեցգետնի տեմպուրան: Կոկտեյլների մեջ առանձնանում է Kimchi Margarita-ն՝ անսպասելի է հնչում, բայց աշխատում է։
Իսահակյան փողոցում բացված Tabu-ն արագ գտավ իր լսարանին՝ բոլոր նրանց, ում համար պարզապես ընթրելը բավարար չէ։ Բացվում են 19:30–ից, DJ սեթերն ու կենդանի երաժշտությունը՝ 20:00–ից։ Սնունդը մատուցվում է սեղանի շուրջ հրավառություններով, կայծերով և շոուներով. հաստատ ձանձրալի չի լինի: Ճաշացանկին լուրջ են վերաբերվել՝ պետք է սկսել ծովախեցգետնով ռոլլ-աղցանից, կապարով և պարմեզանով տավարի թարթարից, կամ տրյուֆել պոնչուով թաթակիից ։ Որպես հիմնական ուտեստ վերցրեք Անգուսի ռիբայ պորտ սոուսով, բադի կոնֆիտ, վայրի պատագոնյան ծովաբաս կամ խորոված գառ: Գինիների ցանկը լայն է ինչպես աշխարհագրությամբ, այնպես էլ գներով։
Narnia-ն բացվել է Loona ռեստորանի հարեւանությամբ։ Երկու նախագծերի հետևում էլ AVA-ն է: Դուբայում նրանք արդեն գործարկել են Narnia-ն Loona-ի ներսում; Երեւանում կրկնել են ստացված բանաձեւը. Հայեցակարգը համաասիական խոհանոց է՝ դիտավորյալ հանգիստ մթնոլորտով և ինտերիերով, որը նախագծված է զարմացնելու հստակ մտադրությամբ: Սուշին պատրաստվում է կոշիիբուկի բրնձից. կարող եք պատվիրել դասական տարբերակը կամ փորձել նոր մեկնաբանությամբ: հարկ է առանձնացնել չիմիչուրի սաղմոնը, ծխեցված սաղմոնը, գետնաձուկը այոլիով և միանգամայն անսպասելի՝ օձաձուկը ֆուա գրայով: Ռոլլերը մատուցվում են քերած ցուկկինիով, կոճապղպեղով և մանրացված վարունգով։ Կոկտեյլների ցանկից ՝ Նարնիա (ջին, սակուրա, սալորի գինի), Purpose (վիսկի, գուավա, կոկոսի լիկյոր), Love (ջին, լիչի, հասմիկի լիկյոր), Luck (բակարդի, պրոսեկո և յուզու):
Process Bar-ն այն վայրն է, որտեղ կարելի է գնալ ուրբաթ երեկոյան, երբ վերջապես ավարտված է աշխատանքային շաբաթը: Այստեղ տիրում է հատուկ մթնոլորտ, երաժշտություն և կոկտեյլներ՝ Gimlet կոկոսի ճարպով և քարդամոնով, Killer in Red տրյուֆելով և կամպարիով, Feijoa Frozen՝ անանուխի սորբետով, ինչպես նաև ջին-տոնիկների առանձին ցուցակ, որտեղ հայ արտադրողները կանգնած են ճապոնական և գերմանական մաստոդոնների կողքին: Կարող եք խորտիկներ վերցնել (մենյուն ներառում է տակոներ, տորտիլլաներ և բագետներ), բայց ակնհայտ է, այստեղ չեն գալիս ուտելու համար: Հանգստյան օրերի DJ սեթերն էլ դարձել են ավանդույթ: