Հյուսիսային պողոտայի այս հատվածով դժվար է անցնել առանց մի պահ կանգ առնելու։ Դրսի սեղաններն ու դեկորը փարիզյան սրճարան են հիշեցնում, իսկ ներսի մեծ պատուհանների հետևի ցուցափեղկն ավելի շատ նման է զարդերի ցուցադրության, քան հրուշակեղենի վաճառասեղանի։
Այստեղ ամեն ինչ էլեգանտության մասին է, դեսերտներ էլ լիովին համապատասխանում են տրամադրությունը։ Կորպուսային խմորեղենները կամ մուսս-քեյքերը առկա են թե՛ հատով, թե՛ տուփերով։
Համերի ցանկը տպավորիչ է. սուրճ, ազնվամորի, կիտրոն, կոկոս, գետնանուշ, բալ։ Բօոլորիս քաջ ծանոթ համադրություններ են՝ կոկիկ են մատուցմամբ։ Թեև մարդիկ այստեղ գալիս են հիմնականում հենց կորպուսային դեսերտների համար, ուշադրության են արժանի նաև ֆրանսիական մակարոնները, սեզոնային մրգերով տարտերը և տիրամիսուն։
Հիմնական մենյուն ևս լեցուն է. բրուսկետա, պաստա, սթեյք, հավի շնիցել և թեթև աղցաններ։ Այնպես որ, հագեցնող ուտեստներն այստեղ պակաս չեն, քան քաղցրը։
Mozzarella. Հանրապետության հրապարակի մոտ գտնվող իտալական անկյուն, որտեղ կորպուսային դեսերտները, թեև երեկոյի գլխավոր թեման չեն, հաստատ չեն մոռացվի։ Փոքր, խիստ կիտրոնային դեսերտները մատուցվում են զույգով և հիանալի համադրվում են սուրճի հետ։
Հիմնական մենյուն Իտալիայի մասին է․ պաստա, պիցցա, նորից պաստա, նորից պիցցա, մի քիչ էլ միս։ Առաջարկում են դասական ուտեստներ, որոնք իսկապես աուտենտիկ են պատրաստում։ Մենյուն պարբերաբար թարմացվում է, այնպես որ մի քանի ամիսը մեկ արժե նորից գալ և տեսնել, թե այս անգամ ինչ է մտածել շեֆը։
Hunt. Ամենավերջին հաստատությունը, որտեղ կարելի էր հետաքրքիր կորպուսային դեսերտ գտնել, քարի դարի թեմատիկայով ռեստորանն է։ Առավել հետաքրքիր է, որ քաղաքի ամենատպավորիչ տարբերակներից մեկը ստացվել է հենց այստեղ։
«Մամոնտը», որը շոկոլադե «հողի» վրա է, հիշվում է թե՛ մատուցմամբ, թե՛ համով։ Ճաշացանկի մյուս տարբերակներն են հավի պաթեն, սաղմոնի և տավարի թարթարը, արմատապտուղներով աղցանները, բոուլներն, ապուրներն ու կողիկները։ Այստեղ կա ամեն ինչ նրանց համար, ովքեր առաջին հերթին մսի համար են գալիս, իսկ դեսերտը ստանում են որպես հաճելի բոնուս։
Սարյան 24 հասցեում գտնվող ընտանեկան հրուշակատունը գործում է 2017 թվականից և դասականների հարցում չի զլանում. էկլերներ, տորթեր, շոկոլադ։ Ամեն ինչ այնպես է, ինչպես լավ եվրոպական փուռ-հրուշակատանը պետք է լինի։
Սակայն վերջերս շատերի ուշադրությունը գրավել են կորպուսային դեսերտները։ Ցուցափեղկում հայտնվել են զարմանալիորեն իրական տեսքով բալեր, մանգոներ և ազնվամորիներ։ Վառ դեղին «Սորենտոյում» բիսկվիթը նրբորեն համադրված է կիտրոնի թթվաշության հետ, իսկ «Պիստակում» ավազե հիմքի վրա ընկուզային մուսս է։
Կա նաև «սուրճի հատիկ» դեսերտ, որի ներսում շոկոլադ-բանանային մուսս-քեյք է։ «Կակաչների դաշտը»՝ նույնպես մուսս-քեյք է, այս անգամ դեղձ-հապալասի կոնֆիով և մարցիպանային բիսկվիթով։
Այս ամբողջ քաղցրության մեջ ինչ-որ տեղ թաքնված է նաև առողջ ճաշերի մենյու՝ այն քչերի համար, ովքեր քաղցրավենիքի ցուցափեղկին նայելիս դեռ հիշում են, որ բանջարեղեն էլ գոյություն ունի։
Պիցցերիա, որտեղ խմորին վերաբերվում են առավելագույն լրջությամբ. թթխմոր, Biga ստարտեր, մինչև 120 ժամ ֆերմենտացիա, հատուկ վառարան։ Արդյունքում մենյուում կան և՛ Մարգարիտայի նման դասականներ, և՛ սեփական Trizza-ները։
Կորպուսային դեսերտներն այստեղ հաճելի բոնուս են, ոչ թե հատուկ գնալու պատճառ։ Բայց եթե բոնուսն արդեն կա, ինչո՞ւ չօգտվել։
Ելակովը ամենաքաղցրն է՝ արտահայտված հատապտղային համով, իսկ պիստակովը տնական պրալինե է՝ ընկույզի կտորներով։ Կիտրոնով դեսերտը մենյուում վաղուց կա. անանուխի և տեղում պատրաստվող կիտրոնի ջեմի թթվաշությունը շատ թարմացնող է։
Սուրճի հատիկի ձևով դեսերտի ներսում թաքնված է բոլորիս սիրելի տիրամիսուն։
Հատկապես համեղել է գազարով թխվածքը, տարբեր միջուկներով կրուասաններն ու պան-օ-շոկոլան։ Բայց երկու դեսերտ առանձնանում են մյուսներից։ Առաջինը մեղրով տորթն է. դրսից՝ վանիլային մուսս, ներսում՝ չիչխանի կոնֆի, մատուցված մեղրի հետ։ Երկրորդը «Միկադոն» է՝ նմանատիպ մեկնաբանությամբ. շոկոլադե մուսսի տակ թաքնված է հենց այն խորհրդային տորթը, որը շատերին մանկությունից է ծանոթ։
Trizza-ում խորհուրդ են տալիս ցանկացած քաղցրավենիք համադրել սպումանտեի կամ սեփական պատրաստման լիմոնադների հետ։
Այս գարնանը Կոմիտասում բացված Pane-ն ներկայացավ շատ մեծ մենյուով. միս, սիգ՝ չիմիչուրի սոուսով, սնկով կրեմ-ապուր, պաստա պարմեզանի մեջ պատրաստված և պատշաճ բարի ցանկ։ Ակնհայտ էր, որ նպատակը սկզբից էլ պարզապես ևս մեկ բակային փուռ-հացատուն դառնալը չէր։
Դեսերտների մենյուն թերևս ամենալուրջն է.Առաջարկում են թարմ թխվածքներ՝ կրուասաններ և էկլերներ, ինչպես նաև սեզոնային նոր տարբերակներ գրեթե ամեն ամիս։ Քաղցրասերները հաստատ այստեղ անելիք կգտնեն ։
Կորպուսային դեսերտների շարքում կան «Դդումը»՝ մանգոյի և մարակույայի միջուկով, «Տանձը» և «Ելակ–ազնվամորին»։ Կան նաև կենդանիների տեսքով շատ գեղեցիկ մուսս-քեյքեր՝ վանիլային, շոկոլադային և մրգային միջուկներով։
Պետք է առանձնացնենք դեսերտներով սև տուփը, որի քաղցրավենիքները պատված են ոսկու բարակ շերտով։ Փխրուն ոսկեգույն կեղևի տակ թաքնված է նուրբ վանիլային կրեմ՝ պրալինեով և խրթխրթան փաթիլներով։ Կրեմային տեքստուրան, ընկուզային խորությունն ու նուրբ խրթխրթոցը այնքան լավ են աշխատում միասին, որ չեք կարողանա նույնիսկ փոքր կտոր թողնել ափսեի մեջ։
Brioche Boulangerie-ն այն սրճարաններից է, ուր գնում են նաև տրամադրության համար։ Սեղան դրսում, մի բաժակ սուրճ և քաղաքի աղմուկ, որը, զարմանալիորեն, չի խանգարում։ Հարմարավետ դադարի բաղադրատոմսը մոտավորապես այսպիսինն է։
Կորպուսային դեսերտներն այստեղ ամենադասականներն են. հապալաս, կիտրոն, ազնվամորի։ Օրինակ՝ «Մանգո»-ի ներսում մրգային պյուրե է, իսկ վերևում՝ շոկոլադե շերտ, այսինքն՝ հենց այն բանաձևը, որով սկսեցինք այս հոդվածը։
Բայց հաստատության գլխավոր հպարտությունը թխուկներն են։ Կրուասաններն ու բագետները հատկապես լավն են թարմ վիճակում, իսկ աշխատանքային օրերին 7:30–ին բացվելը գրեթե նվեր է նախաճաշի համար։ Երևանյան հացատան համար սա բավական վաղ է, բայց տաք կրուասանի սիրահարների համար շուտ արթնանալու պատճառ է։
Սուրճ, թարմ թխվածք, և առավոտը ճիշտ է սկսվում։ Երեկոյան էլ այստեղ չեն հիասթափեցնի. կա լիարժեք մենյու՝ պաստայով, աղցաններով և աղի թխվածքներով։
Հենց այստեղից սոցցանցերում տարածվեցին հսկայական կրուասանով վիրուսային տեսանյութերը։ Բայց այստեղ չեն գալիս միայն գեղեցիկ կադրի համար։
Կորպուսային դեսերտներ այստեղ նույնպես շատ կան, պարզապես առանց տեղի սիրելի հսկայական չափերի։ Ստանդարտ չափի սուրճի հատիկ, ելակ, հապալաս, բանան և պանրի տեսքով դեսերտ՝ չիզքեյքային միջուկով։
Մենյուում կան նաև տարբեր միջուկներով կրուասաններ. թե՛ հսկայական, թե՛ սովորական՝ նրանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն կահույքի չափի խմորեղենի։ Կան նաև մեղրով տորթ և էկլերներ։
Իսկ մեծ չափաբաժինները, իհարկե, թխվածքով չեն ավարտվում. կոկտեյլներն ու լիմոնադներն էլ այստեղ նախընտրում են մատուցել այնպես, որ պատվերը հեռվից էլ երևա։
Alex’s Bakery-ի հրուշակագործ Ալիկ Ալեքսանյանը սովորել է Շվեյցարիայում, իսկ հիմա իր սեփական հրուշակատան ցուցափեղկն է զարդարում Քոչարի փողոցում։ Ընտրությունը հսկայական է. էկլերներ, տորթեր, մերենգաներ, տարտեր։ Ամեն ինչ թվարկելը առանձին հոդվածի թեմա է։
Բայց մենք կանգ ենք առնում կորպուսային դեսերտների վրա, որոնց այստեղ ակնհայտորեն շատ լուրջ են վերաբերվում։ «Բանան»՝ ֆլամբե բանանով և կարամելային գանաշով, «Մանգո»՝ լայմի ցեդրայով, «Ելակ»՝ ռեհանով, «Մարաքույա», «Մանդարին», «Լայմ», «Անտառային ընկույզ», «Ազնվամորի», «Նուռ»՝ ներսում իսկական հատիկներով։ Ցանկը այնքան հաճախ է թարմացվում, որ երբեմն թվում է՝ Ալիկը ձանձրանում է նույն համերը կրկնելուց։
Կա նաև ֆիրմային «Կակաոյի հատիկը». այն ամբողջությամբ շոկոլադային է ՝ կորպուսից մինչև միջուկ, ներսում գանաշ, կակաոյի հատիկների պրալինե և խրթխրթան շերտ։
Մեծ պահանջարկ ունեն նաև «Trio Cubes»-ը, որոնց համերը խմբաքանակից խմբաքանակ փոխվում են։ Կարող եք գտնել ելակ՝ թարխունով, ազնվամորի՝ լիչիով և սև հաղարջ՝ շոկոլադով, հաջորդ անգամ՝ նարինջ՝ շոկոլադով, սուրճ՝ կաթով և կոճապղպեղ՝ մեղրով ու կարամելով։
Մի խոսքով, նույնիսկ ամենաքմահաճ մարդն այստեղ իր սուրճին ընկեր կգտնի։ Սուրճն էլ, ի դեպ, կա։
Ո՞վ ասաց, որ կորպուսային դեսերտները պարտադիր պետք է մրգերի տեսքով լինեն։ Zepyur-ը իր տարբերակները պատրաստում էր դեռ այն ժամանակ, երբ նման քաղցրավենիքը դեռ թրենդային չէին դարձել։
Ակնհայտ դարձած մանգոների ու ազնվամորիների փոխարեն այստեղ կգտնեք «Չեբուրաշկային»՝ կոկոս-վանիլային մուսսով և նարնջի միջուկով, և «Լենինին»՝ շոկոլադե բիսկվիթով ու բալի կրեմով։ Ավելի ուշ նրանց է միացել «Կառլսոնը»՝ ներսում ազնվամորու ջեմով։ Չէ՞ որ եթե ոչ Կառլսոնը, ապա ո՞վ պիտի ջեմից այդքան լավ հասկանա։
Ամբողջ ռեստորանը կառուցված է խորհրդային նոստալգիայի վրա։ Դեսերտներից բացի այստեղ պատրաստում են օլիվյե, ածուխի վրա պատրաստվաց հայկական բանջարեղեն և միս, խաչապուրի, քյուֆթա. ցանկը երկար է։
Ստացվում է հազվադեպ էֆեկտ. տարբեր տարիքի և աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերը յուրաքանչյուր ափսեում կարող են գտնել իրենց համար նույնքան ծանոթ մի բան։
Երևանում սա բավականին նոր կոնցեպտ է. առաջին հարկում սրճարան է, նկուղում՝ գինու բար։ Երկու տարբեր վայր, որոնք հաճելիերեն գոյակցում են նույն տանիքի տակ ։
Այսօր պատմում ենք սրճարանի մասին, քանի որ հենց այնտեղ է թաքնված, թերևս, ամենահետաքրքիր պիստակային կորպուսային դեսերտներից մեկը։ Միջուկի տեքստուրան հիշեցնում է չիզքեյք. ազնվամորու ջեմ, նուրբ մուսս և ֆոնում մատչայի թույլ նոտաներ։
Փորձեք նաև այլ քաղցրավենիքներ, օրինակ՝ «Սան Սեբաստիան» չիզքեյքը կամ իրենց հեղինակային ունիկալ ջելատոներից, այդ թվում՝ սուջուխի համով։
Bardo-ում խոստանում են ընդլայնել դեսերտների տեսականին, այնպես որ արժե ժամանակ առ ժամանակ այցելել՝ նորույթները բաց չթողնելու համար։